12/06/2020 11:16
Վարչապետը հանձնարարեց զբաղվել նրանցով, ովքեր հայտարարում են, թե կորոնավիրուս չկա
Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները։
«Բայց մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետք է լուրջ զբաղվեն ու կարողանան տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա։
«Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը ու սա կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել, սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները», - ասաց նա։