13/06/2020 15:42
«Rocket Lab»-ն ուղեծիր է դուրս բերել ԱՄՆ հետախուզական արբանյակներ
«Electron» հրթիռը շաբաթ հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Միացյալ Նահանգների օդատիեզերական հետախուզության ազգային գործակալության («NRO» ) երեք արբանյակներ, ինչպես նաև ՆԱՍԱ-ի և Ավստրալիայի համալսարանի փոքր տիեզերանավեր, հայտնում է «Rocket Lab» ամերիկյան ընկերությունը:
«Don't Stop Me Now» կոչվող առաքելությամբ եռաստիճան «Electron» հրթիռի գործարկումն իրականացվել է Նոր Զելանդիայի Մահիա թերակղզում գտնվող «Rocket Lab» ընկերության հարթակից՝ ժամը 05:12-ին (Երևանի ժամանակով 9:12-ին):
Մեկնարկից մոտ մեկ ժամ անց բոլոր սարքերը մտել են ուղեծիր:
Ամերիկյան գաղտնի արբանյակների վերաբերյալ տվյալները չեն բացահայտվել: NRO-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրել տիեզերանավերի նպատակի և բնութագրերի, դրանց քաշի և ուղու մասին:
Դա «Rocket Lab» ընկերության կողմից NRO հետախուզական արբանյակներով «Electron» հրթիռի երկրորդ արձակումն է: Առաջինը գործարկվել է հունվարին: