14/06/2020 17:27
ԵՄ պատվիրակության ղեկավար տիկնոջը կոչ եմ անում պատրաստվել քաղաքական պատասխան տալու. Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ
Այս պահին «ՎԵՏՕ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի առջև:
Նախաձեռնության անդամներից Անի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այսօր առավոտից ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից աննախադեպ ճնշումներ են գործադրվել:
«Բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացներ, նույնիսկ բացատրություն չտրվեց, թե ինչու նրանց տարան ոստիկանական բաժիններ: Բերման ենթարկվեց նաև ՎԵՏՕ-ի համակիրներից հինգ մարդ, և նորից չգիտենք՝ ինչի համար: Մենք այստեղ պահանջում ենք, որպեսզի ԵՄ երկրներն արձագանքեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, մարդու իրավուքնների կոպտագույն ոտնահարումներին: Սա մենք որակում ենք ճնշումներ քաղաքացիական հասարակության նկատմամբ», - ասաց Անի Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր հերթին շեշտեց, որ իրենք ԵՄ-ին ուզում են հիշեցնել՝ Հայաստանում տեղի են ունենում քաղքական բռնաճնշումներ:
«Այս մարդիկ են կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի իշխանության առջև: Մենք այս պատվիրակության ղեկավար տիկնոջը կոչ ենք անում պատրաստվել քաղաքական պատասխան տալու: Հայաստանում այսօր խոսքի ազատությունը և ընդդիմադիր լինելը բռնաբարվում է», - ասաց նա:
Հիշեցենք՝ այսօր ԱՄՆ դեսպանության դիմաց խորհրդանշական լուռ ակցիա են իրականացրել նաև «Ադեկվադ» միաբանության անդամները:
«Եկել ենք լռենք, ինչպես իրենք են լռում», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
Նա նկատել էր, որ դեսպանատները տարիներ շարունակ դեմոկրատիայի, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին միֆեր են ստեղծում՝ ընդգծելով․
«Մենք էլ ենք կարծում, որ օտարերկրյա դեսպանատները չպիտի խառնվեն ՀՀ գործերին։ Լռությամբ են դիմավորում ՀՀ-ում քաղաքական հետապնդումների փաստը», - ասել էր նա։
Ավելի ուշ, «Ադեկվադ» միաբանության անդամները բերման էին ենթարկվել: