15/06/2020 18:19
Իրանի ԱԳՆ-ն ՄԱԳԱՏԷ-ի ոչ կառուցողական որոշումներին սպառնում է պատասխան գործողություններով
Թեհրանը կարող է երկրի նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ոչ կառուցողական որոշումների դեպքում պատասխան գործողություններ ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Եթե ՄԱԳԱՏԷ-ն ոչ կառուցողական գործողություններ ձեռնարկի Իրանի նկատմամբ, ապա կա հավանականություն, որ Թեհրանը դրան կարձագանքի», - ասել է նա:
Մուսավիի խոսքով՝ գործակալությունը քաղաքականապես մոտիվացված հայտարարություններ է անում:
Ընդ որում, նա ավելացրել է, որ Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը շարունակվում է նույնիսկ Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կրճատումից հետո:
Արևմտյան տեղեկատվական գործակալությունները հունիսի 5-ին տարածել էին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն Իրանում միջուկային ստուգումների դրույթների մասին։
Ըստ «Agence France-Presse» (AFP) գործակալության՝ Իրանում հարստացված ուրանի պաշարները շուրջ 8 անգամ գերազանցել են սահմանաշեմը, որը թույլատրված է 2015 թվականին կնքած միջուկային գործարքով։