15/06/2020 14:52
Ավստրիան ու Հայաստանը՝ համատեղ ընդդեմ համավարակի
Շիրակի մարզում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) շահառու 7 գյուղերի բուժհաստատությունները և տեղի 180 խոցելի ընտանիք աջակցություն են ստանում Ավստրիական զարգացման գործակալությունից։
10,000 եվրո դրամաշնորհը ծառայելու է COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ու դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքներին պարենի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրմանը։
«Այս օրերին միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել քան կարևոր է։ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությունը հնարավորություն է տալիս շարունակել գործուն աջակցություն ցուցաբերել մեր շահառուներին Շիրակի մարզում՝ ոչ միայն նյութապես, այլև կարողությունների զարգացմանն ու իրազեկման բարձրացմանն ուղղված ջանքերով»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Տրամադրվող փաթեթներում ներառված են կրթական բուկլետներ համավարակի, անվտանգության պահպանման ընդհանուր կանոնների, ինքնամեկուսացման մասին։ Փաթեթների հանձնումն իրականացնելու են ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողներն ու բժիշկները, որ տեղում իրազեկեն բնակչությանը։
Ընտանիքների ընտրության գործընթացում հաշվի են առնվել ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողների մշակած տվյալների բազան, գյուղապետարանների, Շիրակի մարզպետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալները։
Բենիամին, Գուսանագյուղ, Հոռոմ, Լանջիկ, Մեղրաշեն, Սառնաղբյուր և Վարդաքար գյուղերի ընտանիքների աջակցության փաթեթում պարենային ապրանքներից բրինձ է, ցորեն, ոսպ, արիշտա, ձեթ, տնտեսական ապրանքներից՝ հեղուկ օճառ, ախտահանող նյութ, ձեռնոց, դիմակ, ինչպես նաև գրենական պիտույքներ՝ նկարչական ալբոմ ու մատիտներ, գիրք, սեղանի խաղ։