15/06/2020 17:32
«Ատելությունը մեզանում». հայաստանյան պրոդյուսերի ֆիլմն առաջին անգամ ներկայացվում է «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը
Առցանց հեռուստաընկերության և «Associated Television International» ընկերության «Ատելությունը մեզանում» (Hate Among Us) վավերագրական ֆիլմը կներկայացվի 47-րդ «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը՝ (Daytime Emmy Awards) երկու անվանակարգում` «Ակնառու հեռուստաֆիլմ» և «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա»։
Այն լույս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրա։
Ֆիլմի պրոդյուսերներն են Սերգեյ Սարկիսովը, Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը և Լորա ՄկՔենզին։ Ռեժիսորը Դեյվիդ ՄկՔենզին է։
«Ես վստահ եմ, որ «Ատելությունը մեզանում» ֆիլմը նպաստում է այն ընկալմանը, որ ազգային, ռասայական կամ կրոնական ցանկացած ատելություն շարունակում է իրական վտանգ հանդիսանալ, և յուրաքանչյուր մարդ, այդ թվում ամբողջ մարդկությունը, կարող է լինել թիրախ», - ասել է Սերգեյ Սարկիսովը։
Ֆիլմին անդրադարձել է նաև Forbes ամսագիրը։ Հրապարակման մեջ նշվում է, որ մրցանակաբաշխության գրեթե կեսդարյա պատմության մեջ «Դեյթայմ Էմմի»-ին առաջին անգամ ներկայացվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող պրոդյուսերի ֆիլմ (Սերգեյ Սարկիսով)։
47-րդ «Դեյթայմ Էմմի»-ն ստացել է ավելի քան 2700 հայտ, ընտրությունը կատարել է հեռուստատեսության բնագավառի 1000 ականավոր մասնագետից կազմված ժյուրին։
Պրոդյուսերական այս խումբը հեղինակել է նաև «Ժխտման ճարտարապետները» վավերագրականը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում, 2018 թ․-ին։
Այս տարվա «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխության (Daytime Emmy Awards) կարճ ցուցակում են ընդգրկվել նաև ԱՄՆ շուկայի համար Հայաստանում նկարահանված երկու սերիալ՝ «Մահվան ջոկատ» և «Չարիքի հպումը»։ Սերիալները Associated Television International (ԱՄՆ), Blitz Films (Ռուսաստան) և Academy Films (Հայաստան) ընկերությունների համարտադրությունն են։
«Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի առցանց՝ հունիսի 26-ին։