15/06/2020 16:12
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դադարեցրել է լիազորությունները
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դադարեցրել է պաշտոնավարումը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջի միջոցով, պատկերասրահի ֆեյբուքյան էջում էլ հրապարակվել է նրա նամակը՝ աշխատակիցներին:
«Հայաստանի ազգային պատկերասրահի սիրելի աշխատակիցներ, վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար:
Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է: Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց:
Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն: Այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ: Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն:
Աշխատակիցներիս հետ միասին պատիվ եմ ունեցել Պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել…
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական և ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար», - նշված է Արման Ծատուրյանի նամակում: