16/06/2020 22:40
Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի. Արա Սահակյան
Իշխանությունն, ըստ ամենայնի, ունի իր սցենարը, որի անունն է հասարակական պառակտման խորացում, «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ դրա առաջնորդի շուրջ վերջին օրերի զարգացումներին՝ բանախոսը նկատեց՝ իշխանությունները ԲՀԿ-ի հետ սկսեցին վարվել շինծու մեղադրանքներով, ինչը կանխատեսելի էր:
«Իշխանությունն արդեն կորցրել է իրականության ադեկվատ ընկալման ունակությունը, և պետք է ենթադրել, որ մենք ունենք մեկ անձի իշխանություն: Դա մեզ կտանի դեպի անցյալ, դեպի մի իրավիճակ, որը շատ երկրներ վաղուց հաղթահարել են», - նշեց Արա Սահակյանը:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը նաև նկատեց՝ Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի:
«Եթե Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, դա լրացուցիչ ապացույց կլինի, որ նպատակը նրան մեկուսացնելն է», - ասաց Սահակյանը: