17/06/2020 13:58
ԱՄՆ վեց նահանգում գրանցվել է COVID-19 նոր դեպքերի ռեկորդային թիվ
ԱՄՆ վեց նահանգում իշխանություններն արձանագրել են կորոնավիրուսով օրական վարակի ռեկորդային քանակ, վկայում են ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի տեղական վարչությունների տվյալները:
Երեքշաբթի Արիզոնա նահանգում հաղորդվել է, որ անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակման ռեկորդային 2 392 դեպք, նահանգում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 39.097-ի: Ֆլորիդայում մեկ օրում գրանցվել է 2776 դեպք՝ 500-ով ավելի, քան հունիսի 12-ին սահմանված նախորդ ռեկորդը: Ընդհանուր առմամբ, նահանգում, վերջին տվյալների համաձայն, վարակվել է ավելի քան 80 հազար մարդ:
Օկլահոմայում, որտեղ հունիսի 13-ին գրանցվել էր ռեկորդային 202 դեպք, նախորդ օրն արձանագրվել է 228 նոր վարակ: Երեքշաբթի Նևադայում գրանցվել է 379 նոր դեպք:
Մեկ այլ նահանգ, որտեղ դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, Տեխասն է: Եթե երկուշաբթի 1254 դեպք էր գրանցվել, ապա երեքշաբթի պետական մարմինները հաղորդել են 2622 վարակվածի մասին, ինչը ռեկորդային ցուցանիշ է նահանգի համար: Օրեգոնը ևս գրանցել է ռեկորդային 278 դեպք, մեկ օր առաջ այդ թիվը 184 էր: