17/06/2020 10:40
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստը և լքեց նիստերի դահլիճը (Տեսանյութ)
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առժամանակ անց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը: Դա, մասնավորապես, տեղի ունեցավ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ հետևյալ հայտարարությունն ընթերցելուց հետո.
«Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Սա ճանապարհ չէ: Սա Հայաստանը դեպի փակուղի տանող ճանապարհ է: Խորհրդարանական մեծամասնությունը վստահաբար դեմ է եղել իրեն պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն մենք պայքարելու ենք Հայաստանում իրական ժողովրդավարական արժեքների և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար:
Երեկ այս դահլիճում մեծամասնության և դատախազի կողմից տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքական հաշվեհարդար անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ»:
Արման Աբովյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջազգային կառույցներն ուշի ուշով հետևում են ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հանդեպ ռեպրեսիվ գործընթացներին:
«Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը»՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը», - ասաց նա: