17/06/2020 18:22
Իսրայելն օգոստոսի 1-ից բացելու է երկրի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օտարերկրյա քաղաքացիների համար երկրի սահմանները հնարավոր է վերաբացվեն օգոստոսի 1-ին:
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի համավարակի նկատմամբ եղած վերահսկողության պահպանման դեպքում։ Նա ավելացրել է, որ իրենց առաջնահերթ նպատակներից է իսրայելա-հունական և իսրայելա-կիպրոսյան ուղղություններով ավիահաղորդակցության վերսկսումը և զբոսաշրջության վերականգնումը։
«Ներգնա տուրիզմը բաց է արդեն մի քանի շաբաթ. իսրայելցիները վայելում են արևային եղանակը և չորս ծովերի հրաշալի լողափերը։ Հունաստանի և Իսրայելի միջև սահմանների բացումն Իսրայել մեկնելու երազանք ունեցող բոլոր այցելուների համար երկար սպասված իրադարձություն կլինի», - նշել է Ռուսաստանում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Շկլյարը: