17/06/2020 10:29
Թրամփ. Ամերիկացի գիտնականները մշակել են «ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ՁԻԱՀ-ի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութը բերել է որպես ապացույց առ այն, որ ամերիկացի գիտնականները մինչև տարեվերջ կկարողանան մշակել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
«Ես կանխատեսում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք [կորոնավիրուսի դեմ] անչափ հաջող պատվաստանյութ և դեղորայք: Մենք զգալի առաջընթաց ունենք: Սերտորեն աշխատում եմ հիանալի գիտնականների և բժիշկների հետ, որոնք լավագույնն են, ամենախելացին, ամենաականավորը»,- նշել է Թրամփը Սպիտակ տան Վարդագույն այգում ելույթ ունենալիս:
«Եվ նրանք հորինել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ: ՁԻԱՀ-ը մահվան դատավճիռ էր, իսկ հիմա մարդիկ ապրում են հաբերը ընդունելով: Դա անհավանական է»,- ասել է նա:
The Hill պարբերականի կարծիքով՝ խոսքը ՄԻԱՎ-ի նախաէքսպոզիցիոն կամ մինչշփումային կանխարգելման մասին է, սա այն մարդկանց կողմից դեղամիջոցների նախականխող ընդունում է, որոնց մոտ ՄԻԱՎ չկա՝ այս վիրուսով հնարավոր վարակվելու հավանականությունը նվազեցնելու նպատակով: Նշվում է, որ այս դեղամիջոցը բավականին թանկարժեք է, այն պետք է պարբերաբար խմել բժշկի ցուցումով: