17/06/2020 12:02
Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել՝ իր շնորհակալությունը հայտնելով տաքսու վարորդին, ով պահել է հակահամաճարակային կանոնները։
«Եւս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:
Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվում բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները», - ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենալը: Խոսքն անձնագրերի, ID քարտերի կամ վարորդական իրավունքի մասին է։
Անձնագիր չունենալը և դիմակի կրման կանոնները չպահպանելը կլինեն առանձին իրավախախտումներ, և յուրաքանչյուրն առանձին-առանձին 10 հազար դրամ տուգանք կենթադրի։