17/06/2020 15:50
«Դատապարտում ենք, սակայն օրենքի առաջ հավասար են բոլորը». Ըմբշամարտի ֆեդերացիան՝ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու մասին (Տեսանյութ)
Երեկ Ազգային ժողովի մոտակայքում Ռոման Ամոյանի հետ կատարվածը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տհաճ է որակում։
«Այն, ինչ կատարվեց երեկ, անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի:
Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ, ամենաբարձր հարթակներում, պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթնակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո:
Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր բռնություն, սակայն աներկբա է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը», - ասված է ֆեդերացիայի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ոստիկաններն ԱԺ մոտակայքից, որտեղ քաղաքացիներն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա էին իրականացնում, բերման էին ենթարկել ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին։