18/06/2020 23:03
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը հետաձգվեց. Լրացված է (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննությունը։
Այն կշարունակվի վաղը՝ 10։30-ին։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե իրենց՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
«Մենք այսօր, վստահ եմ, հիմնավորել ենք, որ այս գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում», - լրագրողներին ասաց Սարգսյանը։
Փաստաբանն ասաց, թե այն հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, Հատուկ քննչական ծառայությանը ենթակա գործ է։
«Օրենքը հստակ ասում է ՝ միայն ՀՔԾ, դատախազությունն իրավունք չունի փոխել նախաքննական մարմնին», - ասաց Երեմ Սարգսյանը։
Ծառուկյանի փաստաբանի խոսքով՝ դատարանին հիմնավորել են, որ այստեղ կա քաղաքական խնդիր։
Երեմ Սարգսյանն ասաց, որ Ծառուկյանը դատարանում հայտարարել է, թե որևէ ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություն չունի ու նման փաստական տվյալներ, փաստաբանի խոսքով, գործում էլ առկա չեն, որ Ծառուկյանը տեղյակ է, թե կաշառք են տալիս։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդության քննությունը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին: