18/06/2020 19:39
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունից հույս են հայտնում, որ Ծառուկյանի շուրջ կոնֆլիկտը շուտափույթ լուծում կստանա
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ կոնֆլիկտի առնչությամբ և հույս հայտնել, որ այն շուտափույթ լուծում կստանա՝ օրենքի խիստ պահպանմամբ, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Ելնում ենք այն բանից, որ ժողովրդավար պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի իրականացվելու ոչ իրավական մեթոդներով և ցանկանում ենք, որ մեր հայ գործընկերները շուտափույթ դուրս գան առաջացած կոնֆլիկտից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից շատ հեռու», - ասված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային գործունեության հարցերով գլխավոր խորհրդի նախագահության հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է РИА Новости-ն:
Ուղերձում նշվում է նաև, որ «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են՝ «ի շահ երկու երկրների ժողովուրդների»:
Նշենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։