18/06/2020 14:31
Հատուկ քննչական ծառայության պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. Ալեքսանդր Ազարյան (Տեսանյութ)
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։
«Ակնկալում եմ օբյեկտիվ քննություն, չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված այս վարույթը։ Ինչ-որ խախտում, երևի թե, գտել են։ Մենք կփորձենք պաշտպանվել, պաշտպանվելու տեղ և հիմքեր ունենք», - ԲԴԽ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Ազարյանը։
Հարցին՝ ՀՔԾ ղեկավարի կողմից անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց.
«Հատուկ քննչական ծառայության պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ, կամ՝ ոչ։ Կամ ես ինչո՞ւ պետք է կաշկանդված լինեմ իր վերաբերմունքով», - ասաց Ազարյանը։
Դատավոր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ պլանավորում են միջնորդել ԲԴԽ-ին՝ հրավիրել ՀՔԾ պետին և այդ հարցերի պատասխանն իրենից ստանալ։
«ՀՔԾ բոլոր քննիչները պարոն Ազարյանի մոտ գործ ունենալու դեպքում ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն», - ասաց Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին՝ որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:
Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: