18/06/2020 15:17
Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին․ Ալեն Սիմոնյան
Եվրոպական ժողովրդավարական կուսակցության ղեկավարները մշտապես սատարում են իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Դոնալդ Տուսկի հայտարարությանը։
«Կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի պատշաճ և ավելի մասնագիտացված անձինք», - ասաց նա։
Դիտարկմանը, թե իր կարծիքով Տուսկի հայտարարությունը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նկատմամբ Սերժ Սարգսյանի գնահատականներով՝ Սիմոնյանն արձագանքեց.
«Կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որն իրականությունից կտրված աչքեր են, արդարադատութանը սպասող աչքեր են, և ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրականության հետ արդեն շատ շուտվանից՝ դեռ մինչև հեղափոխությունը, ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ»։
Հիշեցնենք՝ Թվիթերի իր միկրոբլոգում ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը գրել էր, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։