18/06/2020 16:04
Ալեքսանդր Ազարյան. ՀՔԾ պետի հետ խնդիր չունեմ, խնդիրներ եմ ունենում ինձ ձեռնոց նետողների հետ (Տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությունը հետաձգվեց մինչև ժամը 17:00-ն:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ՀՔԾ պետի հետ խնդիր չուներ, այս պահին էլ, կարծես, չունի: Նա նշեց, որ խնդիրներ ունենում է միայն իրեն ձեռնոց նետողների հետ:
«Ես կողմնակալ չեմ եղել: Փաստերը սխալ են ներկայացված: Այսինքն՝ ես մի բան եմ ասել, ներկայացված է մեկ այլ բան: Սպասեք, կլսեք», - ասց նա:
Հարցին՝ իր հանդեպ քաղաքական հետապնդում կա՞, պատասխանեց, որ չի կարող նման հարցի պատասխանել:
Հաջորդ հարցին՝ օրվա իշխանությունների հետ խնդիր ունի՞, դատավորը բացասական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ ինքը հիմնավոր կարծիք ունի, որ իրեն ցանկանում են գործերից հեռացնել:
«Իմ գործը շատ շիտակ է, ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ այդ արդարադատությունն ում դուր կգա, ում դուր չի գա: Ես օբյեկտիվության ակնալիք ունեմ», - նշեց Ազարյանը:
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին՝ որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:
Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: