18/06/2020 13:32
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:
Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝
✅ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
հանրային սննդի ծառայություններ.
✅ զբոսաշրջային ծառայություններ.
✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
✅ կինոթատրոնների գործունեություն.
✅ լուսանկարչության բնագավառում գործունեություն.
✅ ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
✅ կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
✅ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
✅ խաղատների գործունեություն։
Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։
Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել Տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում dimum.ssa.am կայքում։