18/06/2020 11:14
Մեզ չի հաջողվում թվերը իջեցնել, ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել. Նիկոլ Փաշինյան
Մեր ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համավարակը, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ 665 նոր դեպք ենք հայտնաբերել, մեզ չի հաջողվում թվերը իջեցնել ու մենք գիտենք դրա պատճառը, հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել կանոնները պահպանելու նպատակով», - ասաց նա։
Վարչապետը նշեց, թե եթե քաղաքացին դիմակ չի կրում և ոստիկանը մոտենում է նրան ու արձանագրում, որ չունի նաև փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարչական իրավախախտում ու երկու առանձին վարչական վարույթով է արձանագրվելու։
«Մենք նաև արձանագրում ենք, որ պետական բոլոր այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, նրանք պարտադիր հերթերը պետք է կարգավորեն ոչ միայն տարածքում, այլև՝ տարածքից դուրս», - ասաց նա։
Վարչապետը համապատասխան հանձնարական է ուղարկվել, սակայն պետք է նաև վերահսկել վիճակը։
Վարչապետն ասաց, թե կուզեր, որ բանկային համակարգն այս առումով նախանձախնդիր լիներ։
«Մենք գիտենք, տեսել ենք մի շարք լավ օրինակներ, բայց մինչև այժմ էլ մենք ստանում ենք լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել, չեմ ուզում ասել իրար քիպ կանգնած», - ասաց վարչապետը։