19/06/2020 19:30
«Իմ քայլը» կրկին Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագիծ է հեղինակել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները, և նրանց փոխարեն նշանակել ՍԴ նոր անդամներ:
Առաջարկվում է դադարեցնել նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները, ինչից հետո Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվելու ՍԴ կազմից:
Առաջարկվում է հետևյալ փոփոխությունը.
Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագծի հիմնավորումը՝ այստեղ: