19/06/2020 12:32
Վենետիկի հանձնաժողովն, ուղղակի, արձանագրել է, որ սահմանադրական կարգի տապալումն այնպիսի ձևակերպմամբ, ինչպես կա ՀՀ-ում, նմանը չկա միջազգային փորձում. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովը, ծանոթանալով ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի դրույթներին, արձանագրել է, որ դրանք այն աստիճան անորոշ են, որ նույնիսկ թարգմանության խնդիր կա, որ այդ հարցերն այդպես են ձևակերպված, որ առհասարակ դրանց չի անդրադարձել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Վենետիկի հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ, առհասարակ, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություններն իրենց մեջ պարտադիր ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր։ Մենք չունենք բռնության ձևակերպում, մենք ունենք փաստացի վերացում։ Իսկ փաստացի վերացումը ոչ միայն մեզ համար հասկանալի չէ, այլ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի 4 հեղինակավոր փորձագետին դա թվացյալ թարգմանության խնդիր է, որ կարող է քրեական օրենսգրքում նման ձևակերպում լինի», - ասաց Արամ Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովն ուղղակի արձանագրել է, որ սահմանադրական կարգի տապալումն այնպիսի ձևակերպմամբ, ինչպես կա ՀՀ-ում, նմանը չկա միջազգային փորձում։
«Վենետիկի հանձնաժողովն իր եզրափակիչ հատվածում արձանագրել է, որ երբ նման տեսակ լայն մեկնաբանման հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր։ Իսկ անորոշության ռիսկեր պարունակելիս դրանք պետք է մեկնաբանվեն բացառապես նեղ ձևով՝ հօգուտ անձի իրավունքների», - ասաց Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ երեկ երեկոյան հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ-ի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիքը։