19/06/2020 10:08
Արթուր Վանեցյան. Փաշինյանն իր քաղաքական շահը վեր է դասում մեր քաղաքացիների կյանքից. Hraparak
Քաղաքական դաշտում ընդդիմադիրները համախմբվում են։ Մի բլոկում ԲՀԿ-ն է, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» եւ ՀՅԴ-ն։ Hraparak.am-ը մի քանի հարց է ուղղել Վանեցյանին։
- Պարոն Վանեցյան, վարչապետը, հրապարակելով մեկ օրում հիվանդացածների թվերը (665 նոր դեպք), ինքն իրեն եւ հասարակությանը հարց տվեց. ի՞նչն ենք սխալ անում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն ենք սխալ անում։
- Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, կփորձեմ ներկայացնել հարցի պատասխանը՝ կետ առ կետ.
1. Նախ՝ ավելի ճիշտ կլիներ հարցնել՝ ի՞նչն ենք սխալ արել, ոչ թե՝ անում։ Այսօրվա վիճակը հետեւանքն է մի շարք կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը եւ անձամբ՝ Փաշինյանը։ Պատրա՞ստ են արդյոք նրանք հասկանալ եւ ընդունել այդ սխալները, որոնք դարձել են տասնյակ հազարավորների հիվանդության, հարյուրավոր մահերի եւ դեռեւս չդադարող ողբերգության պատճառը։
2. Այդ սխալները թույլ են տրվել բոլոր փուլերում. ա) ուշ է սկսվել համաճարակի դեմ պայքարը. խստացումներ եւ սահմանափակումներ մտցնելու փոխարեն՝ վարչապետը մարդկանց կանչում էր հանրահավաքների, բ) հայտարարված կարանտինը երկրում կրել է ձեւական բնույթ եւ չի տվել ակնկալվող արդյունքը, գ) առողջապահական համակարգը կորցրել է շատ կարեւոր ժամանակահատված եւ պատշաճ չի նախապատրաստվել այս ծավալներին, դ) կառավարությունը չի կարողացել եւ առ այս պահը չի կարողանում ապահովել թեստավորումների անհրաժեշտ քանակն ու ճիշտ մեխանիզմը, տապալվել է զանգվածային թեստավորման վճռորոշ գործոնը, ե) ճակատագրական սխալներից է մայիսի 4-ից առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների սահմանափակումների թուլացումը։
3. Կա արդյոք բացատրություն, թե մայիսի 4-ից սահմանափակումները թուլացնելուց ինչու միայն 2 շաբաթ անց իշխանությունը կարեւորեց դիմակների կրումը եւ հիմա 24 ժամ նման կոչ է անում։ Դրա հետեւանքով կորցրինք 14 օր եւ ունեցանք վարակի անկառավարելի տարածում։
4. Աններելի սխալների շարքում էր իշխանական վերնախավի՝ հրապարակավ քարոզածի եւ սեփական վարքագծի անհամապատասխանությունը։ Խոսքն ամենեւին միայն արցախյան հայտնի լուսանկարի մասին չէ. եկեք չմոռանանք, որ նույն կառավարության եւ ԱԺ նիստերին դիմակների կրումը մինչեւ վերջերս չուներ պարտադիր բնույթ։
Աններելի սխալների ցանկը կարելի է երկար թվարկել։ Դրանք անպայման դառնալու են շատ լուրջ քննարկման եւ հետաքննության առարկա, որովհետեւ դրանց գինը շատ թանկ է՝ մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։
- Բայց իշխանությունն ասում է, որ հասարակությունը կարգապահ չէ, դիմակներ չի կրում, սոցիալական հեռավորություն չի պահպանում։
- Իշխանության պայքարի միակ գործիքը մնացել է դիմակը։ Ես ունեմ մեծ կասկած, որ համաճարակային վիճակը ճիշտ չէ գնահատվում, եւ միայն դիմակով հնարավոր չէ մեղմել այն։ Դիմակը որպես դոմինանտ գործիք կիրառելու պահը բաց է թողնված։ Այս պահին ակնհայտ է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը կրում է դիմակներ, եւ նրանց մեղադրելն ազնիվ չէ, իսկ խնդիրը միայն դիմակների մեջ տեսնելը լուրջ չէ եւ նման է մյուս հարցերի վրա աչք փակելուն։
Այս պահին հիմնական սխալները տեղի են ունենում երեք հարթության մեջ.
1. Կառավարությունը չունի համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն։ Բոլոր լուծումները պահի ազդեցության տակ են եւ ընդունվում են վարչապետի՝ պահի տրամադրությունից կախված։ Առանց հստակ ռազմավարության հնարավոր չէ մոբիլիզացնել երկրի ռեսուրսները, հնարավոր չէ ունենալ քայլերի հաջորդականություն եւ ժողովրդին ներկայացնել հեռանկարը։
2. Ակնհայտ խնդիր է մենեջմենթը։ Այս կառավարությունը չունի հակաճգնաժամային կառավարման ունակություն։ Աշխարհում ոչ մի համաճարակ հնարավոր չէ հաղթահարել 24 ժամ խոսելով։ Մեր պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ օրերի ընթացքում լուծելու հիվանդանոցային անհրաժեշտ քանակի մահճակալների թիվը, թեստավորումների խնդիրը, եւ ոչ ոք չի մնա առանց բուժօգնության, իրավիճակը կդառնա կառավարելի։
3. Հայաստանն ունի միջազգային օգնության կարիք, բայց Փաշինյանն իր քաղաքական շահը վեր է դասում մեր քաղաքացիների կյանքից եւ առողջությունից։ Մեզ պետք է գրագետ ձեւակերպել միջազգային օգնության ծավալները, որակը եւ բոլոր հնարավոր խողովակներով ստանալ այն։ Ստացվող հատուկենտ փոքրածավալ աջակցությունը Հայաստան է հասնում միայն տարբեր անձնական կապերի եւ հենց աջակցող երկրների նախաձեռնությամբ եւ ո՛չ մեր պետության դիմումների արդյունքում։
4. Ժողովրդի հետ իշխանությունների կոնտակտը շատ դժվար է ստացվում, քանի որ մարդիկ արդեն չեն հասկանում՝ ո՛ր խոսքն է պետք լուրջ ընդունել եւ որը՝ ոչ։ Իշխանությունն ամեն օր փոխում է իր խոսքի ինտոնացիաները, մարդկանց շերտավորում է, թիրախավորում՝ ըստ քաղաքական նախընտրությունների, ստեղծում է լարվածություն՝ հասարակական տարբեր խմբերի միջեւ։ Երկրի համար այս դժվար շրջանում առաջին պլան են բերվում վիճելի քրեական գործեր, որոնք առաջացնում են հանրային մեծ ռեզոնանս եւ լարվածություն, իրար դեմ են հանում մարդկանց՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Նման պայմաններում՝ պառակտված հասարակությամբ, շատ դժվար է պայքարել միասնական ճակատով։ Միաժամանակ, իշխանությունն իր բոլոր քարոզչական ռեսուրսները կենտրոնացնում է՝ հանրությանը համոզելու համար, թե ինչ-որ այլ, մութ ուժեր են շահագրգռված հանրությանը պառակտելու հարցում։ Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը շատ լավ տեսնում է իրականությունը։ Իսկ այդ քարոզչական ռեսուրսներն այսօր խիստ անհրաժեշտ են հակաճգնաժամային, իրական պայքարի համար։
5. Ազգային ժողովն ու կառավարությունը շարունակում են համաճարակի եւ դրա տնտեսական հետեւանքների հետ ուղղակիորեն կապ չունեցող բոլոր օրենքների ու նորմատիվ ակտերի ընդունումը, քաղաքական հակառակորդների դեմ քաղաքական-քրեական հետապնդումները, որոնք ստիպում են մարդկանց փողոց դուրս գալ իրենց իրավունքները կամ քաղաքական հետապնդման ենթարկվողներին պաշտպանելու համար` ակամա ստեղծելով վիրուսի տարածման մեծ վտանգ:
- Ձեր կարծիքով, հնարավո՞ր է սխալների շտկում եւ իրավիճակի բարելավում։
- Վարչապետի հնչեցրած հարցը ես ապառնի ժամանակով կձեւակերպեի. ի՞նչն ենք սխալ անելու։
1. Շարունակելու եք սխալ հասկանալ իրականությունը
2. Չեք լսելու ուրիշների խորհուրդները եւ առաջարկները
3. Չեք ներգրավելու կառավարչական ունակություններ եւ փորձ ունեցող մարդկանց
4. Չեք գիտակցելու, որ հասարակությունները լսում եւ ընդունում են նրանց, ում հարգում են՝ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում։