20/06/2020 15:36
Սեփական քաղաքական նպատակների իրագործումն ամեն գնով իրականացնելու պատրաստ իշխանությունը պետք է հրաժեշտ տա «տնտեսական հեղափոխություն» եզրույթին. Փորձագետ
Այն, որ այսօր Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներն իշխանության ամբիցիաների հերթական չհաշվարկված դրսևորումն են, երևի թե անհերքելի է: Դրա հետևանքները կորոնավիրուսի տնտեսական գոյություն ունեցող ճգնաժամի ֆոնին շատ ավելի մեծ են լինելու ողջ տնտեսության վրա, ընդ որում, թե՛ ներքին և թե՛ արտաքին տնտեսական կապերի տեսանկյունից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Ըստ նրա, այն, որ քաղաքական բնույթի ցանկացած անկայունությանը տնտեսությունն արձագանքում է բացասաբար, աշխարհում կարելի է տեսնել պարբերաբար. «Հերիք է որևէ գերտերության առաջնորդ հանդես գա մեկ քաղաքական գնահատականով, մեկ ակնարկով, և ֆոնդային բորսաների գնանշումներում կտրուկ տատանումներ են նկատվում: Սա պարզապես վկայությունն է այն բանի, որ ֆինանսական շուկաները շատ զգայուն են նման իրադարձությունների նկատմամբ: Էլ ուր մնաց այսպիսի լուրջ ցնցումներն, այն էլ այնպիսի փոքր տնտեսության համար ինչպիսին Հայաստանն է, որտեղ, կարելի է ասել, բոլորը բոլորին ճանաչում են»:
«Կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ քաղաքական անկայունությունը ստեղծում է նույնանման իրավիճակ տնտեսությունում: Այսպիսի ամենաթարմ օրինակ էր մեզ համար 2018թ.-ը, երբ ունեցանք տարվա կտրվածքով տնտեսական աճի երկու տոկոսանոց անկում, կապիտալի արտահոսք: Եվ սա դեռ այն դեպքում, երբ ըստ էության, Հայաստանում փոխվեց միայն իշխանությունը. տնտեսությունն այլ գործոնների բացասական ազդեցություն չէր կրում, համակարգային ու ենթակառուցվածքային որևէ փոփոխություն գարնան իրադարձություններին չհետևեցին: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ իրականացվող քաղաքական արշավն սկսվեց այնպիսի պայմաններում, երբ տնտեսությունը գտնվում է փաստացի ճգնաժամի մեջ», - ասաց Ամիրխանյանը:
Լիլիա Ամիրխանյանը հիշեցրեց, որ այս դեպքում ունենք մեկ այլ առանձնահատկություն. «Խոսքը ոչ միայն և ոչ ավելի շատ քաղաքական սուբյեկտի, այլ խոշոր տնտեսվարողի մասին է, և այս ամենն ուզած թե չուզած, ուղղակի ազդակներ է պարունակում դեպի բիզնես հանրություն»:
Այս ամենն, ըստ նրա, բացասաբար կազդի նաև Հայաստանի՝ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող ներդրումային գրավչության վրա, քանի որ քաղաքական և իրավական պրոցեսների մեջ են մտել նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք աշխատում են օտարերկրյա կապիտալով:
«Իրավիճակն ավելի անհանգստացնող է՝ հաշվի առնելով մեզ սպառնացող կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամային հետևանքները: Ակնհայտ է, որ պետք է միառժամանակ մոռանանք տնտեսական զարգացման մասին: Հաշվի առնելով փաստը, որ ունենք սեփական քաղաքական նպատակների իրագործումն ամեն գնով իրականացնելու պատրաստ իշխանություն, վերջինս իր հերթին պետք է հրաժեշտ տա «տնտեսական հեղափոխություն» եզրույթին», - ամփոփեց խոսքը Ամիրխանյանը: