21/06/2020 16:05
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. «Դատարանը վեր կանգնեց քաղաքական գործընթացներից» (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չբավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։
Նա կմնա ազատության մեջ: Ծառուկյանը լքեց դատարանի տարածքը։
Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարանը որոշեց կալանավորման միջնորդությունը մերժել, որոշումը տրամադրվել է անմիջապես, այլ բավականին ծավալուն է։
«Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք՝ կախված որոշման բովանդակությունից։ Դատարանն այս պահին երկու հարց է որոշում, կամ բավարարել, կամ մերժել։ Ամենակարևոր փաստն այն է, որ այս պահին կալանավորումը մերժվել է, Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ է», - ասաց պաշտպանը։
Ավելի վաղ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասել էր, որ մեղադրանքի մեջ որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տանեն ընտրակաշառք տան։
«Մեղադրանքի կողմը դատարանում, ըստ էության, որևէ կերպ չի կարողացել հիմնավորել և ներկայացնել փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ էականորեն կտարբերվեր փետրվարի 5-ին ներկայացված փաստաթղթի բովանդակությունից։ Որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տանեն ընտրակաշառք տան։ Նման որևէ ապացույց դատարան չի ներկայացվել։ Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ որևէ մեկին կաշառք է տվել։ Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս։ Մնացած ամեն ինչը ենթադրություններ են։ Աբսուրդ է, երբ ենթադրությունների համար ուզում են մարդ կալանավորել», - ասել էր Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ ռոբերտ Պապոյանի, քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցը։