21/06/2020 20:22
«Տաշիր» հիմնադրամը պարգևատրել է Հայաստանի շտապօգնության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հունիսի 21-ին շնորհավորել է բժիշկներին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և հայտարարել ՀՀ շտապօգնության պետական ծառայության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին դրամական պարգևների փոխանցման մասին: Ընդհանուր առմամբ, հանրապետության ամբողջ տարածքում ֆինանսական աջակցություն կստանա շտապ օգնության 1346 աշխատող:
Այս նախաձեռնությունը, ինչպես նախորդները, որոնք ուղղված են Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին աջակցելուն, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությունն է:
«Ծանր ժամանակահատվածներում ժողովրդին օգնելը մեր առաջնահերթությունն է: Մենք միշտ կանենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք աջակցել բժիշկներին և պաշտպանել նման ծանր իրավիճակներում մարդկանց առողջությունն ու կյանքը», - հայտարարել է Կարապետյանը: