22/06/2020 20:22
Առաջարկվում է ԱԺ կանոնակարգից հանել սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին ուղարկելու դրույթը. Վահագն Հովակիմյան
Առաջարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկվում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրում է այն» բառերը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագծին:
«Արդյունքում ստացվում է այսպես, որ ԱԺ նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է: Այս առաջարկի էությունը կայանում է նրանում, որ Սահմանադրության փոփոխությունների պրակտիկան, որ ունենք, չի ենթադրում Սահմանադրության փոփոխությունների ստորագրման ինստիտուտ:
Մինչ այս Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ընդունվել են առանց ստորագրման: Այսինքն՝ ընդունվել և հրապարակվել են, մտել են ուժի մեջ: Այս կարգավորմամաբ մենք նաև նպաստում ենք, որ սահմանադրական փոփոխություններն առաջին և երկրորոդ սորտի չլինեն», - ասաց Հովակիմյանը: