22/06/2020 10:28
Գալիս ես խորհրդարան, 9:30 իմանում, որ հենց այսօր պետք է Սահմանադրությունը փոխվի. Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին (Տեսանյութ)
Այսօր՝ ժամը 13:00-ին, ԱԺ արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այդ մասին իմացել են միայն այսօր առավոտյան՝ խորհրդի նիստի ժամանակ:
«Որքանով հասկացա՝ 3-ժամյա ռեժիմ է սահմանված: Ամբողջ աշխարհում, գիտեք, որ երբ մայր օրենք՝ Սահմանադրություն է փոխվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ, քննարկումներ, դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր: Հայաստանում դա արվում է այդ ձևով, այսինքն՝ գալիս ես խորհրդարան, 9:30 իմանում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, գնում ես այդ նիստին, ու փոխվում է Սահմանադրությունը», - նշեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ սա լուրջ խնդիր է՝ թե Հայաստանի միջազգային պարտավորությունների, թե ժամանակին ասվածի մասով:
«Հանրաքվեն միակ ճանապարհն է, բայց հիմա պարզվում է, որ դա կարելի է նաև խորհրդարանում անել, և պարզվում է, որ 3 ժամյա ռեժիմով ՍԴ չի ուղարկվելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը», - նշեց պատգամավորը: