22/06/2020 20:01
12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները կդադարեցվեն, Հրայր Թովմասյանը կլքի պաշտոնը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց հարցի քննարկմանն ու քվեարկություններին։
Այսպես, նախագծով փոփոխությունների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածները։
Նախագիծը սահմանափակում է Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Նախագիծը փոփոխություններ է նախատեսում Սահմանադրական դատարանի լիազորությունների մեջ: Սահմանադրական դատարանին կվերապահվեն սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն: Ըստ նախագծի՝ դա հնարավորություն կտա իրավական ճանապարհով հաղթահարել Ազգային ժողովի, կառավարության, Հանրապետության նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների և Բարձրագույն դատական խորհրդի միջև սահմանադրական վեճերը: Ազգային ժողովի խորհրդի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանն իրավասու է որոշել պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը, երբ վերջինս խախտել է պատգամավորական մանդատի անհամատեղելիության կանոնները կամ անհարգելի կերպով բացակայել է Ազգային ժողովում քվեարկությունների առնվազն կեսից:
Նախագծի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նշենք, որ ՍԴ ինը դատավորներից Ֆելիքս Թոխյանը պաշտոնավարում է 1997 թվականից, Հրանտ Նազարյանը՝ 1996 թվականից։
ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարում է 2014 թվականից։ Մինչև այս Գյուլումյանը ՍԴ անդամ է եղել նաև 1996-2003 թթ․։ Եթե գումարենք ընդհանուր պաշտոնավարման տարիներն, ապա Գյուլումյանը ՍԴ անդամ է արդեն 12 տարուց ավելի։
Նախագծի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: