22/06/2020 18:52
Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու իրենց ուժը. Նիկոլ Փաշինյան
Այո, հավաքները սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է անպայման դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ընդդիմախոսներ պնդում են, որ վարչապետն օգտագործում է արտակարգ ռեժիմը՝ քաղաքական հարցեր լուծելու համար։
«Ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի, 5, 10 կամ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված։ Սա պետք է հաշվի առնել։ Ոմանք պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, կարծում եմ, հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք դեպքերի վերաբերյալ», - ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց՝ նման մեկնաբանություն տվող շրջանակները գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու իրենց ուժը։
«Եթե հանրահավաք ասելով նրանք հասկանում են սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը, և նրանց հույսը դրա վրա է, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։