22/06/2020 11:00
Սահմանադրական փոփոխության նախագիծը խնդրահարույց է, չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին. Տարոն Սիմոնյան (Տեսանյութ)
Սահմանադրության փոփոխության այն տեքստին, որ պետք է քննարկվի այսօր, մենք նոր ենք ծանոթացել և ոչ թե պաշտոնական կայքից, այլ՝ ԶԼՄ հրապարակումներից, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Սա մեկ անգամ ևս փաստում է, որ մայր օրենքում կատարվող փոփոխություններին անգամ պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այսինքն՝ այս հրատապությունը կրկին փաստում է ոչ այդքան ազնիվ վարքագծի մասին: Երկու հիմնական ուղղություններով է փոփոխություն նախատեսվում. մեկը, որ 12 տարի աշխատած դատավորները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, և երկրորդը, որ ՍԴ նախագահն այլևս ՍԴ նախագահ չպետք է լինի, և նոր ընթացակարգով պետք է նոր նախագահ ընտրվի: Երկու հարցն էլ իրավական տեսանկյունից բավական խնդրահարույց են», - նշեց բանախոսը:
Տարոն Սիմոնյանը հիշեցրեց՝ կառավարությունը, ի դեմս Արդարադատության նախարարի, դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ գորընթացի վերաբերյալ խորհրդատվական կարծիք հայցելու համար:
«Բայց արի ու տես, որ չեն սպասել խորհրդատվական կարծիքի տրամադրմանը, և պատգամավորներով փոփոխություն են նախաձեռնել: Սա անտրամաբանական է, չի կարելի միջազգային կազմակերպությունից ինչ-որ բան հայցել և չսպասելով այդ հարցի պատասխանին՝ գործընթացներ սկսել», - համոզմունք հայտնեց պատգամավորը: