22/06/2020 19:04
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից լատինաամերիկացու սպանության դեմ բողոքի ակցիան անկարգությունների է վերածվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քոմփթոն քաղաքում ոստիկանության կողմից իսպանացի Անդրես Գուարդադոյի սպանության հետ կապված կիրակի տեղի ունեցած բողոքի ցույցերը բախումների են վերածվել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ ի սկզբանե ցուցարարները հավաքվել էին Գարդինա քաղաքում (Կալիֆոռնիա)՝ սպանված 18-ամյա դեռահասի ընտանիքի հետ նրա հիշատակը հարգելու և վրդովմունք հայտնելու ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Դրանից հետո նրանք շարժվել են դեպի Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակ հարևան Քոմփթոնում, որտեղ բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև:
Իրավապահներն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են օգտագործել: CBS-ի փոխանցմամբ՝ անկարգությունների հետևանքով 6 մարդ է ձերբակալվել:
Գուարդադոն ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել էր հունիսի 18-ին՝ Գարդինա քաղաքում: Իշխանությունների փոխանցմամբ՝ նրան նկատել էին ատրճանակով ավտոմեքենաների վերանորոգման կետի կողքին: Նկատելով իրավապահներին՝ նա փախուստի էր դիմել: Լատինաամերիկացուն հետապնդող ոստիկանը 6 կրակոց է արձակել տղայի վրա: Ստացված վնասվածքներից Գուարդադոն մահացել է:
Ըստ CNN-ի՝ սպանվածն աշխատում էր որպես պահակ ավտոմեքենայի վերանորոգման արհեստանոցում, սակայն նա աշխատանքային համազգեստով չէր: Բացի այդ, Կալիֆոռնիայի օրենքներով, Գուարդադոյի տարիքը նրան թույլ չէր տալիս աշխատել որպես զինված պահակ:
Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը հայտարարել է, որ երիտասարդի զենքը գրանցված չէր: Ոստիկանները տեսախցիկներ չեն օգտագործել միջադեպի ընթացքում, ինչը բարդացնում է դեպքի հետաքննությունը, հայտնել է հեռուստաընկերությունը: