22/06/2020 14:46
Օպերային թատրոնի առցանց համերգը կնվիրվի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առցանց հարթակում կցուցադրվի Վ.Ա.Մոցարտի հանրահայտ ՌԵՔՎԻԵՄԸ, որը կնվիրվի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմը սկսվել է ուղիղ 79 տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին:
Համերգին մասնակցում է Կաունասի պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ, և Թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։
Մեներգիչներն են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Հովհաննես Այվազյանը (տենոր, ՀՀ վաստ. Արտիստ), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս):
Կաունասի պետական երգչախումբի գեղարվեստական ղեկավարն է Պետրաս Բինգելիսը:
Տեղեկացնենք, որ այս համերգն Օպերային թատրոնում ցուցադրվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին: Երեկոն նվիրված էր երգչախմբի /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պետրաս Բինգելիսի ստեղծագործական գործունեության 50-ամյակին:
Նախագիծն իրականացվել էր մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։