23/06/2020 18:46
Apple-ը ներկայացրել է iPhone-ներն ավտոմեքենայի համար վիրտուալ բանալու վերածելու գաղափարը
Apple ամերիկյան ընկերությունը Համաշխարհային մշակողների համաժողովին (WWDC) ներկայացրել է iPhone սմարթֆոններն ավտոմեքենայի համար վիրտուալ բանալու վերածելու գաղափարը: Այդ գործառույթը հասանելի կլինի Tesla Model 3 էլեկտրական ավտոմեքենաների և գերմանական ավտոհսկայի նոր BMW 5 ավտոմեքենաների տերերին, որոնք վաճառքի կհանվեն 2021 թվականին:
Նորարարությունն ավտոմեքենաների սեփականատերերին հնարավորություն կտա բացել և փակել իրենց ավտոմեքենաները iOS 14 բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակով և նույնիսկ՝ նախկին iOS13-ի: Դրա համար անհրաժեշտ է օգտվել Apple Wallet ծրագրով, որը թույլ է տալիս վիրտուալ բանալի ստեղծել ավտոմեքենայի համար և նույնիսկ ուղարկել դրանք iMessage հավելվածի միջոցով, որը նախատեսված է Wi-Fi կամ բջջային ինտերնետի միջոցով iOS սարքերին տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրություններ ուղարկելու համար:
Այլ կերպ ասած, օգտագործողը կարող է թույլ տալ իր ընտանիքի անդամներին, ծնողներին, ընկերներին կամ չափահաս երեխաներին օգտագործել իր ավտոմեքենան: Սա թույլ է տալիս չդիմել ավտոմեքենայի բանալիների ֆիզիկական դուբլիկատներին:
Տվյալ տեխնոլոգիան ներկառուցված է սմարթֆոնի UWB U1 միկրոպրոցեսորի մեջ: Այն ավտոմեքենային թույլ է տալիս հայտնաբերել iPhone-ը որոշակի հեռավորության վրա՝ չնայած այն խոչընդոտներին, որոնք առաջանում են, երբ օբյեկտը գտնվում է պայուսակի կամ պորտֆելի խորքում:
Apple-ն իր առջև խնդիր է դնում ժամանակի ընթացքում վիրտուալ ավտոբանալու գործառույթը համատեղելի դարձնել բոլոր մակնիշների ավտոմեքենաների հետ: