23/06/2020 13:16
Այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մի նպատակով՝ թույլ չտալ, որ ՍԴ-ն Քոչարյանի գործով կայացնի իր որոշումը. Հայկ Ալումյան
Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակորեն կարող է ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործընթացի վրա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին՝ Ալումյանն ասաց, թե, իր խորին համոզմամբ, այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մի նպատակով, որպեսզի թույլ չտան, որ ՍԴ-ն այս գործով կայացնի իր որոշումը։
Հարցին՝ այսինքն այս ամենն արվում է Ռոբերտ Քոչարանի համա՞ր, Ալումյանն արձագանքեց. «Այդ գործով, գիտեք, ՍԴ-ն քննում է և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, և Քոչարյանի դիմումը՝ կապված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ։ Հիմա ամեն ինչ արվում է ու նոր չի դա սկսել, որպեսզի մինչև էդ գործով վերջնական որոշում կայացնելը Սահմանադրական դատարանը գոյություն չունենա»։
Ալումյանն ընդգծեց՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեկ քրեական գործով մեկ հոգու ամեն գնով պատասխանատվություն ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունենում։
Հիշեցնենք՝ խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին (դատավորներին):