23/06/2020 13:45
Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. դատախազը հայտարարեց՝ պաշտպանական կողմն անցել է բարեխղճության սահմանները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մուսների գործով դատական նիստը։
Գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Դատական այսօրվա նիստին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ներկա չէր. վերջինս փոխանցել էր դատարանին, թե, քանի որ շփում է ունեցել կոնտակտավոր անձանց հետ, այսօր կորոնավիրուսի թեստ է հանձնելու և, ըստ այդմ, չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ Միհրան Պողոսյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը, ինչին, սակայն, դեմ էր մեղադրող կողմը։
Մասնավորապես, մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, թե պաշտպանական կողմն անցել է բարեխղճության սահմանները։
«Պաշտպանական կողմի այս վարքագիծը, որը կարող է կոչվել ընդամենը տակտիկա, նպատակ է հետապնդել ձգձգելու դատական նիստերը՝ իրենց դատավարական շահի ապահովումը կապելով այլ իրավական ընթացակարգերի հետ», - ասաց մեղադրող դատախազը։
Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանական կողմի գործողությունները խոչընդոտել ու խոչընդոտում են դատավարության այլ մասնակիցների՝ իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու։
Նա ասաց, թե պետք է ապահովել դատական նիստերի բնականոն ընթացքը։
«Միջնորդում եմ ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը, թույլատրել մեղադրող կողմին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանն արձագանքեց, թե դատարանը հնարավոր չի համարում քննարկել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ նիստին ներկա չէ Խաչատուրովի պաշտպանը։
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին։