23/06/2020 13:23
Ես այս շենք փողոցից չեմ եկել, ես այս շենք եկել եմ 97 թվականին՝ ԱԺ-ի ընտրությամբ. Ֆելիքս Թոխյան
Եկեք տարանջատենք երկու բան. ես այս շենք փողոցից չեմ եկել, ես այս շենք եկել եմ 97 թվականին՝ Ազգային ժողովի ընտրությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
«Ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել, որ ընտրվել եմ: 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է, որ «Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով 97 թվականին քեզ նշանակել են»:
Պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարեկանը: 15 թվին ժողովուրդը նորից հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Կրկնում եմ՝ ժողովուրդն է հաստատել: Թե հիմա պառլամենտն ինչու է ուզում վերափոխել ժողովրդի ասածը, դա իրենց հարցրեք:
97 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Այսօր ցանկացած դատավոր ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքներ չի խախտում, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի մինչև իրեն թույլ տրված տարիքն աշխատել», - ասաց Ֆելիքս Թոխյանը: