23/06/2020 13:50
Չի կարելի իրիկունը քնել, առավոտ զարթնել ու ասել՝ դու էլ դատավոր չես. Ֆելիքս Թոխյան
Չի կարելի իրիկունը քնել, առավոտ զարթնել ու ասել՝ դու էլ դատավոր չես, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծին, որով ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է 12 տարի:
«Դուք գիտեք, որ մենք՝ այդ թվում ես, հրաժարվել ենք լավ պայմաններով թոշակի գնալուց: Մի քանի ամսից եղավ իմ կարծիքով ամենաճիշտ որոշումը՝ հանարքվեով հարցի լուծումը: Որշ ժամանակ առաջ, երբ կորոնավիրուսային վարակն այս տեմպերի չէր, դեռ հանրաքվե հնարավոր էր անել: Մեր հարազատ Արցախում երկու փուլով ընտրություն արեցին: Դրանից հետո, որ հանրաքվեն չի եղել, ես չգիտեմ՝ ինչպես են մի օրվա մեջ Սահմանադրություն փոխում: Դա աննորմալ ընթացք է: ՍԴ-ում պատահական մարդիկ նստած չեն», - ասաց բանախոսը:
Հարցին, թե առանց Սահմանադրական դատարան գալու՝ երեկ ամրագրված փոփոխությունները կարո՞ղ են ուժ ունենալ, Ֆելիքս Թոխյանը պատասխանեց որպես սահմանադրագետ.
«Առանց ՍԴ եզրակացության՝ միանշանակ չէր կարելի դնել սահմանադրական հանրաքվեի: Ինչ վերաբերում է շահերի բախմանը, վենետիկցիները գրել են՝ ոչ մի շահերի բախում չկա: Ինչո՞ւ դրա մասին չեն ասում: Շատ մարդիկ իրենց խելոք են զգում, իրենց մեզ տեղն են դնում, հետո էլ որոշում են, թե մենք ինչ կարող ենք որոշել, հետո էլ ասում են՝ շահերի բախում է: Նախ, ուղղակի գրագետ չեն նման բան ասողները: ՍԴ-ն ցանկացած հարց առաջին հերթին նայում է ընթացակարգային խախտումների տեսակետից», - ասաց ՍԴ դատավորը: