24/06/2020 00:46
Նախագահը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը, սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ԱԺ նախագահի հրապարակումից հետո
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։
Դա ենթադրում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունած Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով երկրորդ ընթերցմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագծին, ասել էր, որ առաջարկվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկվում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրում է այն» բառերը։
Այժմ ԱԺ նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է հրապարակի 7-օրյա ժամկետում։
Ըստ փոփոխությունների՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները կդադարեցվեն, Հրայր Թովմասյանը կլքի պաշտոնը, կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր։