24/06/2020 14:39
Հաշվարկներ, հնարավորինս մեղմ տիրույթում տեղավորվելու ցանկություն ու ռիսկերից ապահովագրում․ Տիգրան Ուրիխանյանը՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի մասին (Տեսանյութ)
Արդեն երրորդ օրն է ամբողջ տեղեկատվական դաշտը քննարկում է՝ Հայաստանում կա՞ ընդդիմութուն, թե՞ չկա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Ինձ՝ որպես ինֆորմացիայի սպառող և որպես քաղաքացի, շատ է հուզում այդ հարցը», - ասաց Ուրիխանյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ խորհրդարանական մի ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, համարում է իրեն ճնշված և խորհրդարանում ներկա չէ, մյուսը՝ փնտրում է երրորդ ճանապարհ․
«Հետևաբար ստացվում է՝ ընդդիություն Հայաստանում չկա։ Այս պահի դրությամբ ի դեմս երրորդ խորհրդարանական խմբակցության՝ կա ընդդիմությո՞ւն, թե՞ կա ընդդիմադիրոտ քաղաքական ուժ։ Այսինքն՝ ո՞վ է սպասարկում իշխանության հետ անհամաձայն քաղաքացիների քաղաքական շահը», - ասաց Ուրիխանյանը։
Նրա խոսքով, եթե հասարակության ընդդիմադիր հատվածի հույսերը կոտրվում են, նրանց քաղաքական շահերը չեն սպասարկվում, տվյալ ուժը ոչ միայն համեմատաբար փոքրաթիվ քվեից է զրկվում, այլև հետագայում քաղաքական մեծամասնությանը հավակնելու համար անհրաժեշտ չափով քվեից։
«Տեղի է ունենում ընդդիմադիր դաշտի ոչնչացում, առնվազն խոհրդարանական հարթակում։ Ես այդպես եմ գնահատում «Լուսավոր Հայաստանի» արածը», - ասաց պատգամավորը։
Հարցին՝ ի՞նչն է խանգարում խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերին համախմբվել, այն դեպքում, երբ երկուսն էլ դժգոհ են իշխող մեծամասնության որոշումներից, և ինչո՞ւ արդեն, ըստ էության, երկրորդ անգամ ԼՀԿ-ն չի ստորագրում ԲՀԿ նախաձեռնությունը ՍԴ դիմելու համար՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց․
«Եթե շատ անկեղծ լինենք և մի կողմ դնենք դիվանագիտական ձևակերպումները, ապա՝ հաշվարկները, հնարավորինս մեղմ տիրույթում տեղավորվելու ցանկությունն ու ռիսկերից ապահովագրվելը»։
Պատգամավորը շեշտեց՝ շատ են եղել դեպքերը, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ մարդիկ հայտնվել են միայնության մեջ, որովհետև ընդդիմադիր դիրքորոշման մարդկանց թիկունքը խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններն են։
Դիտարկմանն՝ արդյոք այս պահին վերոնշյալ ընդդիմադիր խմբակցության մեջ մենակ մնալու մտավախություն կա՝ Ուրիխանյանն արձագանքեց․
«Մենակ մնալու մասին խոսակցությունը, կարծում եմ, ոչ ավելի կարևոր է, քան այն, ինչ արդեն ասացի՝ ես տենսում եմ դրա տակ հաշվարկներ»։
Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ԼՀԿ-ն քաղաքական հաշվարկներով է առաջ շարժվում, դրա համար էլ ընդդիմադիր գործընկերների հետ չի միավորվում, Ուրիխանյանը պատասխանեց.
«Դուք ինձ դրդում եք դիվանագիտական ձևակերպումներից զերծ մնալով ասել՝ այո»։