24/06/2020 12:12
Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը
Խորհրդարանն այսօր քննարկում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը:
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա պահուստային ծրագիրը:
«Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը», - նշեց պաշտոնյան:
Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ: Եվս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում: