24/06/2020 15:33
Աշխարհը չգիտի, թե այս ճգնաժամից ոնց, երբ է դուրս գալու, ՀՀ իշխանությունը հարկային բեռը բարձրացնում է. Մարուքյան
Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ, երբ համավարակի թվերը չեն նվազում և խորը առողջապահական, սոցիալ- տնտեսական ճգնաժամի մեջ ենք, այս իշխանությունը գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագիծ է բերել, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քաղաքապետը մեսիջ է տալիս շուկային, ասում է՝ «գույքն էժանանալու ա, դրա համար ինչ կարանք, էկեք ծախենք», որից հետո իշխանությունն էլ ասում է՝ «եկեք գույքահարկը բարձրացնենք, անշարժ գույքին, քաղաքացիներին հարվածենք» »,- նշեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց՝ իշխանությունը համավարակի պայմաններում է փոփոխություններ նախատեսում, քանի որ եթե ավելի վաղ նախաձեռներ, ՀՀ քաղաքացիներն ԱԺ-ի դիմաց ցույցեր կանեին. չէ՞ որ իրենց հարկային բեռը մեծանում է:
«Աշխարհը չգիտի, թե այս ճգնաժամից ոնց, երբ է դուրս գալու, Հայաստանը չգիտի, թե ինչ անշարժ գույքի շուկա է վերջում ունենալու, ինչ փլատակներ է ունենալու տնտեսության մեջ, իշխանությունը հարկային բեռը բարձրացնում է: Ամենալավ բանը, որ կարող եք անել, կարող եք վերցնել այս նախագիծը, շուտ հետ տանել: Քաղաքական մեծամասնությունը կարող է տապալել, քանի որ այս նախագիծը մեծ հարված է մեր պետությանը, մեր տնտեսությանը», - ասաց նա:
Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ աղետի գոտում, որտեղ տարիներով չի եղել գույքահարկ, արդեն կլինի:
«Դուք այս ժամանակշրջանում շատ վատ բան եք անում, մենք դեմ ենք քվեարկելու», - ամփոփեց խմբակցության ղեկավարը: