24/06/2020 15:16
Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ քննարկելը խայտառակություն է. Մանե Թանդիլյան
Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ քննարկելը խայտառակություն է, չգիտեմ որ տնտեսական թիմի մտքով կարող է անցնել սա՝ այն էլ անել դա արտահերթ ռեժիմով: Սա անթույլատրելի է, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ ավելացնելով, որ արտակարգ ռեժիմով հարցը բերելը Կառավարության դանդաղկոտության արդյունքն է:
Թանդիլյանի խոսքով՝ անընդունելի է, երբ նման ռեֆորմը բերվում է այսօր:
«Հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, բայց անգամ Երևանի համայնքապետարանը դեռևս չի հասցրել կարծիք տալ: Երևանի քաղաքապետարանը 65 տոկոս կատարողական ունի՝ հավաքելով քաղաքացիների հարկերը, բայց նույնիսկ հավաքած գումարը չեն կարողանում ծախսել: Կարո՞ղ է մի հատ քննարկման առարկա դարձնեիք ամենախոշոր շահառուի հետ: Դե բայց, երևի, ձեզ հետաքրքիր չի ոչ մեկի կարծիքը», - ասաց նա:
Թանդիլյանը շեշտեց՝ գույքահարկը բարձրանում է միջինը 3-4 անգամ, և աներկբա է, որ բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է:
«Մոտավորապես 580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Ասում եք տեսանելի հարստությունն ենք գանձում. այդ մինչև 3 միլիոն դրամանոց գույք ունեցո՞ղն է տեսանելի հարստություն: Ի՞նչ է ձեզ տալու, օրինակ, 140 դրամ վճարած մի գյուղացու հարկը», - հարց հնչեցրեց պատգամավորը:
Մանե Թանդիլյանը համաձայնեց, որ 200 միլիոնից ավելը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է չհարկվող շեմ սահմանվի:
Նա նշեց, որ որևէ սոցիալական բաղադրիչ հաշվի չի առնվել: