25/06/2020 09:15
«Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանը Դավիթ Անանյանից հետո մաքսային ոլորտը համալրում է սեփական կադրերով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը Դավիթ Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել ու լծվել է մաքսային ոլորտը սեփական կադրերով համալրելու ու անցանկալիներին հեռացնելու գործին։ Եթե մինչ այդ Անանյանը փոքրիշատե զսպում էր նրան, ապա հիմա տիկին Ներսիսյանն ավելի ազատ է կադրային փոփոխություններ անելու հարցում։
Օրերս նա «Զվարթնոց» օդանավակայանի կամ Արևմտյան մաքսատան-վարչության ուղևորների հսկողության բաժնի բաժանմունքի պետերին, որոնց նախկինում հերթափոխի պետ էին կոչում, ասել է՝ դիմում գրեք, ազատվեք աշխատանքից։ Մեզ ասացին, որ նա այս պաշտոններում մտադիր է իր մտերիմներին նշանակել, այդ թվում՝ իր ընկերուհիներից մեկին, որը հայտնի չէ, թե ինչպես է գլուխ հանելու տղամարդուն հատուկ այս ծանր աշխատանքից։
Թեպետ, եթե նա բանկից եկավ ՊԵԿ ու մի ամբողջ մաքսային ոլորտ ղեկավարեց, ընկերուհիներն էլ կկարողանան ուղևորահոսքն «արդյունավետ» կազմակերպել։ Երեկ մենք փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Շուշանիկ Ներսիսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Իսկ ՊԵԿ լրատվականից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ մի դիմում չունեն»: