25/06/2020 17:06
Թե մեզ հարցնեին, կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել. Մարուքյանը՝ Քոչարյանի փաստաբաններին
Մեր դաշտ որևէ գնդակ չի նետվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում: Եվ հիմա Քոչարյանի փաստաբանական թիմն իր դիմումը հետ է վերցնում: Նախ, դա սխալ քայլ է, քանի որ դիմումումն ամեն դեպքում քննվելու է, և կարևոր էր, որ իրենց դիմումը մնար: Մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով որոշում պետք է լինի», - ասաց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ փաստաբաններն իրենց այսօրվա ասուլիսին ներկա և առցանց հետևող բոլոր անձանց խաբել են:
«Որովհետև իրենք ասում են՝ դիմումը հետ ենք վերցնում, նախապամանը չկա, մենք կարող ենք դիմել: Դա սուտ է: Եթե մեզ հարցնեին, մենք կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել: Ես հիմա էլ հորդորում եմ. թող ՍԴ-ն այսօր քննի այդ գործը, երեկոյան որոշում հրապարակի, մենք վաղն առավոտյան 9-ին դիմենք», - ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ իրենք երկրորդ նախագահի գործը չեն շահարկում: