25/06/2020 16:36
Պարոն Քոչարյանի փաստաբանները դիմումը հետ են վերցնում, բայց գործը ՍԴ-ում քննվելու է. Տարոն Սիմոնյան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, այո, նշեցին, որ դիմումները ՍԴ-ից հետ են վերցնում, բայց չպատասխանեցին հարցին՝ ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելն այդ գործը ՍԴ-ում քննելու հետ: Գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է դիմել այդ նույն հարցով, և ՍԴ-ն դրա հիման վրա է քննության օր նշանակել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը, քանի որ քննվելու է ՍԴ-ում հուլիսի 7-ին, որպեսզի այս իրավական գործընթացի վրա որևէ քաղաքական ներազդեցություն չլինի, և որևէ քաղաքական ուժ հակասահամանադրականության վիճարկման գործընթացի վրա որևէ քաղաքական կոմպոնենտով ազդեցություն չունենա, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք միայն այն ժամանակ, երբ այս գործով քննությունը կայանա:
Պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ դիմումը հետ են վերցնում, նորմալ է: Թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն որոշի, որ չի քննելու այս գործը՝ մեր պայմանն ուժի մեջ է, ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկման գործը բուն, մաքուր իրավական գործընթաց է, և որևէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաաղքական նպատակներով», - ասաց Տարոն Սիմոնյանը: