25/06/2020 09:20
«Ժողովուրդ». «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում լայնածավալ ստուգումներ են իրականացվում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաև հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները:
Ըստ թերթի տեղեկությունների՝ կան նաև պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս թերթի հետ զրույցում դժվարացել է ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չի բացառել, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, և, նրա խոսքով, դրանք պարբերաբար բնույթ են կրում:
«Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են», – նշել է նա: