25/06/2020 20:06
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կտրուկ սրվել է
Միացյալ Նահանգներում կրկին կտրուկ սրվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանի տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակի 35 հազար 900 նոր դեպք:
Գրեթե նույնքան, որքան գրանցվել էր ապրիլին՝ համավարակի պիկի ժամանակ: «Worldometer»-ի փոխանցմամբ՝ այդ ցուցանիշը կազմել է 38 հազար: Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ի հարավում: Այդ իսկ պատճառով Նյու Յորք, Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգները մտցրել են կարանտին հարավային նահանգներից, այդ թվում՝ Ալաբամայից, Արկանզասից, Արիզոնայից, Ֆլորիդայից, Հարավային Կարոլինայից, Տեխասից եկողների համար:
«Այդ շրջաններից եկողները, հատկապես այն հատվածներից, որոնք ավելի շատ են տուժել համավարակից, կարող են իրենց հետ վարակ բերել: Պետք է ճշմարտության աչքերին նայել», - ասել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
Եկածների կողմից կարանտինի ռեժիմը խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 2 հազար դոլարի չափով: Կարանտինի պայմանները կրկնակի խախտելու դեպքում սահմանվել է 5 հազար դոլարի չափով տուգանք: