25/06/2020 15:46
Հենց հիմա տեղի է ունենում ստորագրման գործընթացը. Տիգրան Ուրիխանյանը միացավ ՍԴ դիմելու նախաձեռնությանը
Այս պահին ԱԺ անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ստորագրում է ՍԴ դիմելու ձևաթուղթը:
«Հենց այս պահին այդ գործընթացը տեղի է ունենում», - Aysor.am-ին ասաց Տիգրան Ուրիխանյանը։
Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը նախաձեռնել էր ստորագրահավաք դիմելու համար ՍԴ-ին «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը» քննելու նպատակով։
ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին էր ուղարկել 25 ստորագրություններով դիմումը։ ԼՀԿ-ն իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է ՍԴ մուտք անել չորս կետ պարունակող մեկ այլ դիմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունից հետո։ Մինչդեռ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրաժարվել են ներկայացրած դիմումներից, հետևաբար ԼՀԿ-ն կարող է միանալ ստորագրահավաքին։
Քիչ անց իր հետագա անելիքների մասին հայտարարությամբ հանդես կգա ԼՀԿ-ն։
Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդի ստորագրությունները։ 132 պատգամավորի մեկ հինգերորդը կազմում է 26.4: Մեր հարցին, թե արդյոք միայն իր ստորագրությունը բավարար չէ ՍԴ դիմելու համար, քանի որ արդեն իսկ ստացվում է 26 պատգամավորի ստորագրություն, Տիգրան Ուրիխանյանն ասաց․
«Մաթեմատիկական հաշվարկներով այո, բայց այդ հարցին ԱԺ քարտողարությունը պիտի պատասխանի»։